Ուսումնական ճամփորդության կազմակերպման մեթոդական նկարագրություն

Երեխաները ապրում, մեծանում և զարգանում են այն աշխարհում, միջավայրում, որը կա և որը ստեղծել ենք մեծահասակներս: Մեր՝ մեծահասակներիս խնդիրն է ապահովել անվտանգ, զարգացնող, դինամիկ, ստեղծական, ինքնակրթման, ինքնադրսևորման հնարավորություններ տվող կրթական միջավայր (մեդիամիջավայր):
Սովորողի կրթական (ուսումնական) միջավայրը չի սահմանափակվում միայն դպրոցի տարածքով: Իր շրջակա միջավայրը ճանաչելու, ուսումնասիրելու, հետազոտելու, դիտարկելու, դրա հիման վրա վերլուծություններ անելու հնարավորությունն են տալիս ուսումնական ճամփորդությունները: Ըստ ուսումնական պլանի՝ սահմանված կարգով իրականացվող ուսումնական ճամփորդությունները դասընթացների բաղկացուցիչն են: Սովորողի մասնակցությունն այդ ճամփորդություններին պարտադիր է:
Ուսումնական ճամփորդությունը չի սահմանափակվում միայն տվյալ տարածք այցելությամբ ու ուսումնասիրությամբ: Այն կարող է հանդիսանալ դասարան-լաբորատորիայում իրականացվող նախագիծ-թեմայի բաղկացուցիչ:
Թեմա` Աշուն
4-րդ դասարան
Խնդիրները` ստեղծագործականության, դիտողականության, դիտարկումներ անելու, բանավոր խոսքի խմբագրման, թվային գործիքներից օգտվելու, համագործակցային և ինքնուրույն աշխատանքի հմտությունների զարգացում:
Թեման ընդգրկում է լեզվագործունեությունը, մեդիատեխնոլոգիան, ուսումնական ճամփորդությունը:
Թեմայի տևողությունը մեկ շաբաթ է:
Թեմայի մեկնարկը
Դրսում գույնզգույն ու սիրուն աշուն է, այնքան սիրուն, որ նայելդ, նկարելդ ու խոսելդ գալիս է: Դե, մենք էլ սկսեցինք: Սկսեցինք Աշուն բառից: Եվ որպես դասի սկզբնական, խթանման փուլ կիրառվեց «Պրիզմա» մեթոդը: Սովորողների հետ գտանք Աշունի հետ կապված իրենց զգացողություններն արտահայտող բառերը, որոնք վերջում դարձան անսպասելի ու երևակայական մտքեր:
Հաջորդ աշխատանքն ուղղված էր էլի նրանց ստեղծագործական երևակայության ու անսպասելի լուծումներ գտնելու հմտության զարգացմանը: Հորինեցինք «աքրոստիկոսներ» աշուն բառով, որտեղ գովում էինք աշնանը: Հորինվածքներով ու paint նկարչական ծրագրում արված նկարներով հավաքվեց էլեկտրոնային ընթերցարան: Կարդա այն Աշնանային ընթերցարան վերնագրի տակ:
Մեր աշնան մասին ունեցած ինֆորմացիան ամփոփելուց հետո դուրս եկանք բակ: Դպրոցի բակի աշունը նկարեցինք ջրաներկով ու ֆոտոխցիկով: Իսկ դիտարկումներն ամփոփվեցին առցանց քննարկման ընթացքում: Կարդա Մեր դպրոցի բակի աշունը վերնագրի տակ:
Ուսումնական ճամփորդություն
Ուսումնական ճամփորդությունը բաժանվում է երեք մասի` նախապատրաստական փուլ, ճամփորդություն, ճամփորդության ամփոփում:
Նախապատրաստական փուլում ներկայացվեց այն վայրը, ուր այցելելու էինք: Նպատակը աշնան դիտարկումների շարունակությունն էր: Ընտրվել էր «Ջրվեժ» անտառապարկը: Համառոտ ծանոթացանք վայրին: Ինֆորմացիան ու նկարները դուրս էին բերվել համացանցից: Բացի դրանից, կատարեցինք աշխատանքի բաժանում: Մի խումբը ստացավ աշնանային տեսարանները լուսանկարելու հանձնարարություն, երկրորդ խումբը` հետևելու և գրանցելու էր, թե որքա՞ն ժամանակում Երևանից հասանք Ջրվեժ: Երրորդ խումբը համեմատելու էր Ջրվեժի և Երևանի եղանակային տարբերությունները:
Ճամփորդության մեկնեցինք նոյեմբերի 8-ին: Շրջեցինք, տեսանք աշունը: Ավելի մանրամասն այս ֆոտոշարքում` Աշնան խշխշան ուրախությունը:
Ճամփորդությունը սովորողների կողմից ամփոփվեց կայքում, երբ նրանք հրապարակեցին իրենց հաշվետու նյութերը` վերը նշված հանձնարարություններին անդրադառնալով:
Արմեն Աթանյան – Մի հիասքանչ օր «Ջրվեժ» անտառապարկում
Սերգեյ Գալոյան – Ջրվեժի անտառապարկ ու իսկական աշուն
Մանե Թոռունյան – Ջրվեժի անտառապարկ
Կարինե Մանասյան – Ջրվեժի անտառապարկում իսկական աշուն տեսանք
Աննա Ղարիբյան – Այնքան հետաքրքիր աշունը
Կարինե Ոսկանյան – Անտառի աշունը
Հովհաննես Հակոբյան – Հետաքրքիր օր
Ռուբեն Ավետիսյան – Ես իսկական աշուն տեսա
Շարունակվում է լեզվագործունեությունը, որին գումարվում է մեդիատեխնոլոգիան` թվային գործիքների ու համակարգչային ծրագրերի կիրառությամբ:
Աշնան թեման շարունակվեց երկու ոտանավորները սովորելիս: Համո Սահյանի «Մշուշների շղարշի տակ» ոտանավորը կարդացինք, գտանք անհասկանալի բառերի բացատրությունը, չափածո ստեղծագործությունը պատմեցինք արձակ, այն բաժանեցինք երկտողերի և նկարեցինք ըստ երկտողերի: Թղթային տարբերակից բացի Paint նկարչական ծրագրում նկարեցինք դրանք: Հավաքեցինք ըստ երկտողերի և Power Point ծրագրում ստացանք ոտանավորի թվային տարբերակը` մեր նկարչական մեկնաբանությամբ: Ստացված աշխատանքներից ամենահաջողվածները հրապարակվեցին կայքում: Կարինե Ոսկանյանի էլեկտրոնային ընթերցարանը կարող ես կարդալ Էլեկտրոնային ընթերցարան վերնագրի տակ:
Հաջորդ ստեղծագործությունը Համո Սահյանի «Ամեն, ամեն ինչ ոսկեզօծվել էր»-ն էր: Լեզվական աշխատանքներից հետո ձայնագրեցինք այն: Այս դեպքում էլ ընտրվեց հաջողված արտասանությունը: Այս փուլում կարևորվում էր գեղեցիկ ու ճիշտ առոգանությամբ արտասանությունը: Նկարագրված աշունը շատ էր համապատասխանում անտառապարկի աշնանը: Սովորողների արված լուսանկարներից ընտրվեցին մի քանի հաջողվածները և պատրաստեցինք ֆիլմ` Աշուն + դիտարկում + ճամփորդություն + բանաստեղծություն= ֆիլմ ենթավերնագրով:
Բոլոր աշխատանքները հրապարակված են կայքում (սովորողները նյութերը թողարկում են իրենց անհատական կայքէջից), ինչպես նաև, այն որպես դասարանական նախագիծ ներկայացվել է «Աշուն» մեդիաօլիմպիադային:

Անահիտ Հարությունյան

Оставьте комментарий